«Արցախի և Հայաստանի հետագա ճակատագրի վերաբերյալ պիտի ասեմ այն, ինչ մշտապես ասել եմ. 30 տարի ասել եմ՝ երբեք Ղարաբաղը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Դրանում վստահ եմ 100 տոկոս»,- Ֆրանսիայի հրապարակում ֆրանսիական լրատվամիջոցի հարցերին ի պատասխան՝ ասաց ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, փոխանցում է Panorama.am-ը։
Ս.Սարգսյանը նշեց, որ ինչպես հայերի մեծամասնությունը, այնպես էլ ինքը, վստահ է, որ Հայաստանն ունի լավ ապագա, Հայաստանը դեռևս իր ներուժի մեծ մասը չի օգտագործել և այն օգտագործվելու է հրապարակում հավաքված երիտասարդների կողմից։
Հարցին՝ թե ի՞նչ դեր պետք է ունենա Ռուսաստանը հայ ազգի համար, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց. «Ռուսաստանը մեր դաշնակիցն է եղել, այսօր էլ դաշնակիցն է։ Կարծում եմ՝ Ռուսաստանն իր դաշնակցային պարտավորությունները պատրաստ է կատարելու, ուղղակի անհրաժեշտություն կա, որպեսզի Հայաստանի ղեկավարությունը ճիշտ ուղղությամբ շարժվի, ոչ թե բանավոր ինչ-որ հայտարարություններ անի կոնֆլիկտի ժամանակ, այլ պայմանագրով նախատեսված ձևերով դիմի և Ռուսաստանից օժանդակություն խնդրի, որպեսզի Ռուսաստանը կատարի իր պայմանագրային պարտավորությունները։
Վստահ եմ՝ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանն ընթացակարգերով նախատեսված ձևով դիմեր Ռուսաստանին, մենք այսօր բոլորովին այլ իրավիճակ կունենայինք»։