Ֆինլանդիայի հրաժարումը ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից սխալ կլինի, քանի որ նրա անվտանգությանը վտանգ չի սպառնում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի հետ հեռախոսազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կայացել է մտքերի անկեղծ փոխանակում ՆԱՏՕ-ին անդամակցության հայտ ներկայացնելու Ֆինլանդիայի ղեկավարության հայտարարած մտադրության կապակցությամբ»,- շաբաթ օրը հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։ Երկրի արտաքին քաղաքականության նման փոփոխությունը կարող է բացասաբար ազդել ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիներ կառուցվել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով և եղել են փոխշահավետ»,- ընդգծել են մամուլի ծառայությունում։
Նշվում է, որ առաջնորդները քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։