«Մեծ յոթնյակի» երկրները (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա և Ճապոնիա) պատրաստ են հետագա սահմանափակող միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի, նրա ներկայացուցիչների և ինստիտուտների դեմ և շարունակել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ քաղաքական և տնտեսական մեկուսացման ջանքերը: Այս մասին ասվում է G7 երկրների արտգործնախարարների ընդունած համատեղ հայտարարության մեջ, որը կազմվել է Գերմանիայի հյուսիսում գտնվող Վանգելս կոմունայում կայացած եռօրյա հանդիպման արդյունքներով:
«Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը՝ հետագայում նույնպես մեծացնել տնտեսական և քաղաքական ճնշումը Ռուսաստանի վրա՝ շարունակելով հանդես գալ միասնաբար»,- ասվում է փաստաթղթում։
Դրանում նշվում է, որ պատժամիջոցները ուղղված կլինեն «ռուսական վերնախավին, այդ թվում՝ տնտեսական դերակատարներին, կենտրոնական կառավարական մարմիններին և զինված ուժերին»։ Նախարարները հաստատել են նաև, որ G7-ը կշարունակի Ռուսաստանին արևմտյան երկրների տնտեսություններից, միջազգային ֆինանսական համակարգից և համաշխարհային ինստիտուտներից մեկուսացնելու իր ուղին։
«Մենք կընդլայնենք մեր պատժամիջոցները՝ ներառելով այն ոլորտները, որոնցից Ռուսաստանը հատկապես կախված է», - ասվում է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: