Ֆինլանդիան կդիմի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու համար։ Այս մասին կիրակի օրը Հելսինկիում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր նախագահը և Արտաքին և անվտանգության քաղաքականության հանձնաժողովը որոշել են, որ Ֆինլանդիան կդիմի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»,- ասել է նա։
Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինն իր հերթին տեղեկացրել է, որ այժմ կառավարությունը իր կարծիքը կներկայացնի խորհրդարանին։
«Մեր որոշումը պատմական է։ Ամենակարևորը Ֆինլանդիայի և մեր քաղաքացիների անվտանգությունն է։ Այս որոշումը ամրապնդում է սկանդինավյան երկրների անվտանգությունն ու համագործակցությունը»,- ասել է նա։