Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների հետփոխգործակցության զարգացումն ու ամրապնդումը համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ:
«ՀԱՊԿ անդամ երկրների հետ հետագա խորացումն ու համապարփակ համագործակցության զարգացումը Ռուսաստանի Դաշնության կողմից դիտվում է որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն»,- նշել են նախարարությունից։
ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ՀԱՊԿ-ը պատմական չափանիշներով համեմատաբար կարճ ժամանակահատվածում շատ բանի է հասել։
«Անդամ երկրների համատեղ ջանքերով ստեղծվել է անվտանգության հետ կապված խնդիրների համատեղ լուծման և համաշխարհային հարթակում հավաքական շահերի առաջմղման հետևողական, արդյունավետ կառույց։ Այսօր ՀԱՊԿ-ն առանցքային դեր է խաղում տարածաշրջանային կայունության պահպանման գործում՝ հուսալիորեն երաշխավորելով անվտանգությունն իր պատասխանատվության գոտում՝ ընդգրկելով կազմակերպությանը պատկանող երկրների տարածքները»,- ասվում է գերատեսչության հայտարարությունում: