Շվեդիայի պատվիրակությունը շուտով կմեկնի Անկարա՝ քննարկելու ՆԱՏՕ-ին անդամակցության հայտը: Այս մասին երկուշաբթի գրել է թուրքական Huriyyet թերթը՝ վկայակոչելով Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդին:
Թուրքիան հետևում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության գործընթացին և առայժմ չի կարող դրականորեն նայել դրան, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նշել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան հայտարարել են, որ պատրաստ են աշխատել Թուրքիայի հետ Անկարային հուզող հարցերի շուրջ։
«Պատվիրակությունը շուտով կմեկնի Անկարա՝ ՆԱՏՕ-ին ներկայացված հայտի քննարկման համար»,- ասել է Շվեդիայի արտգործնախարարը:
Կիրակի օրը Շվեդիայի կառավարող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր, որ որոշում է կայացվել ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել՝ նշելով, որ Շվեդիան, հայտի հավանության արժանանալու դեպքում, հանդես կգա իր տարածքում միջուկային զենքի եւ ռազմակայանների տեղակայման դեմ։
Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։ Կիրակի օրը Ֆինլանդիան նույնպես պաշտոնապես որոշեց միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է ՆԱՏՕ-ին ուղղված դիմում-նամակ, որը նախատեսվում է ուղարկել Ֆինլանդիայի հետ միաժամանակ։