Մոսկվայում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթաժողովը։ Փաստաթղթի ստորագրման 30-ամյակին և բուն ասոցիացիայի 20-ամյակին նվիրված միջոցառումը տեղի է ունենում Կրեմլի մեծ պալատի Ալեքսանդր սրահում։
Հանդիպմանը մասնակցում են կազմակերպության բոլոր վեց անդամ-երկրների ղեկավարներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը։ Հանդիպման սկզբում նրանք ավանդաբար համատեղ լուսանկարվեցին։
Երկար ժամանակ անց առաջին անգամն է, որ նման հանդիպում տեղի է ունենում։ Նախորդ մի քանի գագաթաժողովները՝ և՛ կանոնավոր, և՛ արտահերթ, անցկացվել են մասնակի կամ ամբողջությամբ առցանց տարբերակով՝ պայմանավորված կորոնավիրուսի հետ:
Վերջին դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել համաճարակի սկսվելուց առաջ՝ Բիշքեքում 2019 թվականի նոյեմբերին։