ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը երկուշաբթի օրը կայացած բանակցություններում քննարկել են երկկողմ համագործակցությունը պաշտպանության, առևտրի, ներդրումների, ինչպես նաև Ուկրաինան և Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակը։ Այս մասին ասվում է հանդիպման արդյունքների վերաբերյալ Սպիտակ տան կողմից տարածված գրավոր հայտարարության մեջ։
Բայդենը և Միցոտակիսը «վերանայել են երկու երկրների պաշտպանական ամուր և ընդլայնվող գործընկերությունը, ընդհանուր ժողովրդավարական արժեքները և երկկողմ առևտրի և ներդրումների հետագա ընդլայնման հանձնառությունը»:
Նախագահը և վարչապետը նաև «քննարկել են իրադարձություններն Արևելյան Միջերկրականում և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու ընդհանուր ջանքերը, ներառյալ Էներգետիկական անվտանգությունը, կլիմայի փոփոխությունը և ժողովրդավարության սպառնալիքները»:
«Առաջնորդներն ընդգծել են, որ Միացյալ Նահանգների և Հունաստանի միջև հարաբերություններն ավելի ամուր են, քան երբևէ, և նշել են [երկու] ժողովուրդների միջև ամուր կապերը, որոնք ձևավորել են մեր երկկողմ հարաբերությունները ավելի քան երկու դար», - ասվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ: