ԱՄՆ Սենատը համաձայնել է քվեարկել Ուկրաինային 40 միլիարդ դոլար տրամադրելու վերաբերյալ

12:02     17 մայիսի, 2022

Ուկրաինային 40,1 միլիարդ դոլարի օգնության նոր փաթեթը երկուշաբթի անցավ ԱՄՆ Սենատում ընթացակարգային քվեարկությունը, իսկ նախաձեռնության վերջնական քվեարկությունը սպասվում է չորեքշաբթի: Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի վերին պալատի կայքում։
Կողմ է քվեարկել 81 սենատոր, դեմ՝ 11 օրենսդիր։ Այսպիսով, փաթեթի վերաբերյալ բանավեճի համար հատկացված ժամանակը սահմանափակվում է 30 ժամով։ Ինչպես և ակնկալվում է, մայիսի 18-ին սենատորների մեծամասնությունը հավանություն կտա այս նախաձեռնությանը, ապա ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կստորագրի այն։
Նշենք, որ անցյալ շաբաթ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Ուկրաինային լրացուցիչ օգնություն տրամադրելու օրինագծին։ Նրա օգտին քվեարկել է 368 կոնգրեսական (բոլոր դեմոկրատները և հանրապետականների մեծամասնությունը), դեմ՝ 57 հանրապետական։


© armedia.am