Կանադայի հանրային անվտանգության նախարար Մարկո Մենդիչինոն ասել է, որ պատժամիջոցների ենթարկված մոտ 1000 ռուսաստանցիներին, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին այժմ արգելված է մուտք գործել իր երկիր։ Reuters-ի փոխանցմամբ՝ մայիսի 17-ին համապատասխան օրինագիծ է ներկայացվել Կանադայի Սենատ։
«Կանադան կանգնած է Ուկրաինայի կողքին, և մենք պատասխանատվության կենթարկենք Ռուսաստանին իր հանցագործությունների համար։ Այդ իսկ պատճառով մենք հենց նոր հայտարարեցինք, որ արգելում ենք մոտ հազար ռուսաստանցիների մուտքը Կանադա, այդ թվում՝ Պուտինին և նրա հանցակիցներին», - գրել է Մենդիչինոն թվիթերյան իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ այդ մարդիկ նախկինում ընդգրկվել են Կանադայի սև ցուցակում՝ Ուկրաինայում ռազմական գործողությանը նպաստելու կամ մասնակցելու համար։ «Մենք շարունակելու ենք պատժել մեղավորներին»,- հավելել է նախարարը։
Քննարկվող օրինագիծը նախատեսում է արգելել Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանի կառավարության և ռազմական հրամանատարության անդամների, ինչպես նաև այլ պաշտոնյաների մուտքը երկիր։
Փոփոխություններ են կատարվում Ներգաղթի և փախստականների պաշտպանության մասին օրենքում։