ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների քննարկված վեցերորդ փաթեթն արգելափակված է: Այս մասին չորեքշաբթի Rai News 24 հեռուստաալիքի եթերում ասել է տնտեսական հարցերով եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին՝ հույս հայտնելով, որ համաձայնության հասնելու հարցում առաջընթաց կգրանցվի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մենք շատ արագ և միաձայն ընդունեցինք պատժամիջոցների 5 փաթեթ, սակայն վեցերորդ փաթեթը հայտնի պատճառներով դեռևս կանգնած է։ Ես լավատես եմ փոխզիջում գտնելու հեռանկարների նկատմամբ»,- ասել է Ջենտիլոնին։
Նա բացատրել է, որ Հունգարիայի կառավարությունը չի առարկում [էներգետիկ էմբարգո սահմանելու] սկզբունքին, այլ «մատնանշում է որոշակի աշխարհագրական դիրքի երկրի բարդությունը և էներգամատակարարման մոդելը»։
«Ուստի Հունգարիան կարծում է, որ կարող է հույս դնել որոշակի աջակցության վրա, թեև դա հեշտ չէ»,- հավելել է եվրահանձնակատարը։
ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շուրջ, որը ներառում է նավթի հետաձգված էմբարգոյի նախագիծը։