ԱՄՆ իշխանությունները մտադիր են աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ արագ կերպով հաստատելու Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ դաշինքին միանալու հայտերը։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ես ջերմորեն ողջունում և աջակցում եմ Ֆինլանդիայի և Շվեդիայի պատմական հայտերը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար և անհամբեր սպասում եմ աշխատել ԱՄՆ Կոնգրեսի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ արագորեն Ֆինլանդիան և Շվեդիան պատմության մեջ ամենաուժեղ պաշտպանական դաշինքի մեջ մտցնելու համար»,- ասվում է ԱՄՆ նախագահի գրավոր հայտարարության մեջ:
«Ֆինլանդիան և Շվեդիան Միացյալ Նահանգների երկարաժամկետ գործընկերներն են: Միանալով ՆԱՏՕ-ին, նրանք էլ ավելի կամրապնդեն մեր պաշտպանական համագործակցությունը և օգուտ կբերեն ողջ անդրատլանտյան դաշինքին», - ասել է Բայդենը:
«Ես անհամբեր սպասում եմ վաղը Վաշինգտոնում Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի և Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ հանդիպմանը, որպեսզի մենք կարողանանք շարունակել մեր խորհրդակցությունները ՆԱՏՕ-ին նրանց անդամակցության հայտերի և եվրոպական անվտանգության հարցերի շուրջ»,- հավելել է ԱՄՆ նախագահը: