Ոստիկանապետի հետ հանդիպումից հետո ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց՝ ներկայացված պահանջների հիմնական մասը բավարարված է։ Ապօրինություններ կատարած, անհամաչափ ուժ գործադրած ոստիկաններին խոստացել են պատասխանատվության ենթարկել, հաղորդում է Aysor.am-ը։
«Ոստիկանապետը մեզ փոխանցեց, որ մեկ հոգու գործունեություն այս պահին արդեն կասեցվել է, 37 հոգու նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն, հարուցվել են մեկ տասնյակից ավելի քրեական գործեր, և այսօրվա դեպքերով տեղի է ունենում ուսումնասիրություն։ Ոստիկանությունը շատ կարճ ժամկետում հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ՝ կոնկրետ դեպքերով»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրեց՝ ավտոերթերի մասնակիցների 80-ից ավելի ավտոմեքենաները, որոնք հատուկ պահպանվող տարածք էին տեղափոխվել և չէին վերադարձվում, վերադարձվելու են։
«Մենք նաև շատ հստակ ոստիկանությանը փոխանցել ենք, որ անցնող 2 օրվա ընթացքում անհամաչափ և բռնի ուժ է կիրառվել մեր քաղաքացիների նկատմամբ։ Որևէ կերպ դա չի կարող կասեցնել մեր պայքարը։
Մենք կոչ ենք արել, որ վերջ տրվեն նման գործողություններին, և հուսով եմ՝ ոստիկանությունն ըմբռնումով է վերաբերվելու բոլորիս կոչին»,- նշեց ընդդիմադիր գործիչը։
Իշխան Սաղաթելյանը հավելեց՝ թեպետ պահանջների հիմնական մասը բավարարված են համարում, բայց բոլոր դեպքերով լինելու են հետևողական և սպասելու են կոնկրետ արդյունքների։