ԵԽ նախարարների 132-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ կողմերը կարևորել են երկկողմ հարաբերությունների ընդլայնումը և խորացումը՝ ընդգծելով քաղաքական երկխոսության խթանման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցությունների պարբերական անցկացման անհրաժեշտությունը:
Արտգործնախարարները քննարկել են նաև հայ-չեխական բազմակողմ օրակարգին առնչող հարցեր:
Այս համատեքստում կարևորելով առաջիկայում Չեխիայի կողմից ԵՄ նախագահության ստանձնումը՝ նախարար Միրզոյանն ընդգծել է հայկական կողմի շահագրգռվածությունը՝ ՀՀ-ԵՄ գործընկերության շարունակական ընդլայնման ու ամրապնդման հարցում։ Անդրադարձ է կատարվել նաև Արևելյան գործընկերության շրջանակներում փոխգործակցությանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային նշանակության հարցերի շուրջ:
Նախարար Միրզոյանը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման հարցում: