Հունաստանի ԱԳՆ-ն դատապարտել է օդային տարածքի աննախադեպ խախտումը թուրքական կործանիչների կողմից, որոնք մոտեցել են Հունաստանի Ալեքսանդրապոլիս նավահանգստային քաղաքին 2,5 ծովային մղոն հեռավորության վրա: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք խստագույնս դատապարտում ենք ազգային ինքնիշխանության աննախադեպ խախտումը երկու թուրքական կործանիչների կողմից, որոնք անօրինական կերպով ներխուժել են մեր ազգային օդային տարածք և մոտեցել Ալեքսանդրապոլիսին 2,5 ծովային մղոն հեռավորության վրա։ Այս գործողությունը թուրքական սադրանքների ակնհայտ էսկալացիա է։ Այն Թուրքիայի ջանքերի մի մասն է՝ խթանելու նեոօսմանյան ռևիզիոնիզմը, որը խախտում է միջազգային իրավունքի բոլոր հիմնական նորմերը»,- ասված է հայտարարության մեջ։
«Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասի հրահանգով արտգործնախարարության գլխավոր քարտուղար Թեմիստոկլիս Դեմիրիսը անհապաղ և խիստ բողոքի նոտա է հղել Հունաստանում Թուրքիայի դեսպանին, միևնույն ժամանակ հանձնարարականներ են տրվել տեղեկացնել մեր դաշնակիցներին և գործընկերներին, ինչպես նաև ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին ու ՄԱԿ-ին»,- ասված է հայտարարության մեջ։