Թուրինում ընթացող Եվրոպայի խորհրդի 132-րդ նախարարական նստաշրջանի աշխատանքների շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սերբիայի ԱԳ նախարար Նիկոլա Սելակովիչի հետ։
Նախարարները գոհունակությամբ են նշել երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան և պատրաստակամություն հայտնել խթանելու պատմական և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-սերբական հարաբերությունները։
Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության անհրաժեշտությանը։
ՀՀ ԱԳ նախարարը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի մանրամասները։