ՆԱՏՕ-ի ընդլայնումը կհանգեցնի աճող լարվածության և չի նպաստի Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների անվտանգության ամրապնդմանը։ Այս մասին կիրակի օրը «Беларусь - 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Իհարկե, մենք այս ընդլայնումն ընկալում ենք որպես լարվածության աճի և տարածաշրջանի հետագա ռազմականացման նախապայման։ Սա իրականում չի ծառայում անվտանգության ամրապնդմանը, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների համար»,- ասել է Զասը։
Զասի կարծիքով՝ ՀԱՊԿ-ն ի վիճակի է համարժեք արձագանքել ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնմանը։
«Այս իրավիճակում պետք է ուժեղացնե՞նք մեր ուժային ներուժը։ Մենք ունենք բավարար ուժեր և միջոցներ՝ արձագանքելու հնարավոր սպառնալիքներին, որոնք իրականում կդրսևորվեն այս իրավիճակում։ Ներկայումս (ուժերի և միջոցների ավելացման հարցը-նշում է ՏԱՍՍ-ը) օրակարգում չկա»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Նրա խոսքով, «ներկայումս ՀԱՊԿ-ը բավականին արդյունավետ, կայացած միջազգային կազմակերպություն է»։
«Այսինքն՝ այն ոչ միայն ռազմաքաղաքական դաշինք է, այլ նաև բազմաֆունկցիոնալ կազմակերպություն, որը պաշտպանում է այլ սպառնալիքներից։ Եվ ինչը նույնպես շատ կարևոր է, մենք ստեղծել ենք ուժեղ մեխանիզմներ և իրավական դաշտ, ունենք ուժեր և միջոցներ, և, ի թիվս այլ բաների, կարգաբերվել է ճգնաժամային արձագանքման համակարգը», - ասել է Զասը: