Աշխարհը կանգնած է նոր «միջուկային երանգով» Սառը պատերազմի սպառնալիքի և ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճի առաջ: Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով Սեթոն Հոլլ համալսարանի (Նյու Ջերսի) շրջանավարտների հետ։ Արարողությունը հեռարձակվել է համալսարանի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Մերձավոր Արևելքից մինչև լուրջ միջուկային երանգով նոր սառը պատերազմի սպառնալիք, ահաբեկչությունից և հնագույն ժամանակներից եկած ներքին վեճերից մինչև ծայրահեղ ազգայնականության պայթյունավտանգ աճ, որն անտեսում է հիմնական ճշմարտությունն առ այն, որ միջազգային լուծումները միշտ բխում են ազգային շահերից՝ ահա այս մարտահրավերներից յուրաքանչյուրը դարձել է մեր աշխարհի պառակտման ևս մեկ նշան»,- ասել է նա:
Աշխարհին սպառնացող այլ սպառնալիքների թվում Գուտերեշը նշել է կլիմայի փոփոխությունը, աճող սոցիալական անհավասարությունը, սովի և հիվանդությունների տարածումը: