Իսրայելը մերժել է ԱՄՆ-ի խնդրանքը և Բեռլինին թույլ չի տվել Ուկրաինային մատակարարել Գերմանիայում իսրայելական տեխնոլոգիաներով արտադրված և իսրայելական լիցենզիայի տակ գտնվող հակատանկային հրթիռներ: Panorama-ի փոխանցմամբ; այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաներին։
Հոդվածում նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյա Ամիր Էշելը երկու շաբաթ առաջ Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության նախարարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քալի հետ՝ քննարկելու երկրների միջև անվտանգության ոլորտում համագործակցությունը:
«Կալը Էշելին հարցրեց, թե Իսրայելը թույլ կտա՞ Բեռլինին փոխանցել Spike հակատանկային հրթիռները Ուկրաինա, որոնք արտադրվում են Գերմանիայում գտնվող իսրայելական գործարանում: Ըստ լիցենզիայի՝ Իսրայելը պետք է հաստատի այդ հրթիռների ցանկացած փոխանցում երրորդ կողմին»,-լրատվական կայքին հայտնել են աղբյուրները:
Նրանց խոսքով՝ Էշելը մերժել է խնդրանքը՝ ասելով, որ Իսրայելը Ուկրաինային միայն ոչ մահաբեր ռազմական տեխնիկա կմատակարարի։
Իսրայելական աղբյուրը կայքի լրագրողին բացատրել է, որ Ուկրաինային նման հրթիռների մատակարարումը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանը կվնասի Իսրայելի անվտանգության շահերին Սիրիայում։