Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ հրադադարի համար առաջադրված պայմաններն իրատեսական չեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Պայմանները, որոնք Զելենսկին առաջադրում է զինադադարի համար, կատեգորիկ են մինչև հիմարության աստիճան և սկզբունքորեն անհնարին»,- հինգշաբթի գրել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։
Անվտանգության խորհրդի փոխնախագահն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինայի նախագահը «պահանջում է նորից ուկրաինական դարձնել Դոնբասը և Ղրիմը, կարծես չգիտի դրանց բնակիչների կամքը»։
«Դուրս բերենք բոլոր զորքերը Դոնբասից՝ ուկրաինական բանակին թողնելով մարդկանց դեմ բռնաճնշումների ողջ հնարավորությունը։ Եվ հետո, հավանաբար, կսկսվի ինչ-որ բան պայմանավորվելը»,- Զելենսկիի մեկ այլ պայման է անվանել Մեդվեդևը։
«Վերջնագրերը գեղեցիկ են հնչում միայն թղթի վրա: Այո, և դրանք սովորաբար հնչում են ոչ թե ակնհայտ թուլության, այլ ուժի դիրքերից: Հաղթանակի պահին, ոչ թե պարտության: Սթափ գլխով, այլ ոչ հոգեմետ դեղերի ազդեցության տակ»,- մատնանշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։