ԱՄՆ իշխանությունները ձգտում են արդիականացնել աշխարհակարգը՝ բոլոր երկրների շահերից ելնելով, սակայն պնդում են, որ Ռուսաստանը սպառնալիք է հանդիսանում։ Այսպիսի դիրքորոշում հինգշաբթի հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն ցանկանում է «ստեղծել այն ապագան, որին ձգտում են ամերիկացիներն ու ողջ աշխարհի մարդիկ»։«Այս ապագային հասնելու համար մենք պետք է պաշտպանենք և բարեփոխենք աշխարհակարգը <...>»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
«Այժմ, նայելով ապագային, մենք ցանկանում ենք ոչ միայն պահպանել աշխարհակարգը, որը հնարավորություն է տվել հասնել նման առաջընթացի, այլև արդիականացնել այն, որպեսզի արտացոլի բոլոր երկրների (մեծ ու փոքր, բոլոր տարածաշրջաններից) շահերը, արժեքներն ու հույսերը»,- ասել է Բլինքենը։
Միաժամանակ դիվանագետը կարծում է, որ «աշխարհակարգի հիմքերին լուրջ ու երկարաժամկետ վտանգ է սպառնում»։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «ակնհայտ և իրական սպառնալիք է ներկայացնում»։ Բլինքենի պնդմամբ՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկը, դարձել է «հարձակում ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա»: