Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի հյուպատոսություն ունենալու մասին իրանական և հայկական կողմերի միջև պետական մակարդակով համաձայնություն կա: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: «Աշխատանքները սկսվել են, բայց դեռ համապատասխան տարածքը ձեռք չենք բերել: Դա ապացուցում է այս մարզի կարևորությունը Իրանի և Հայաստանի համար »,-հավելեց նա:
2021 թվականի դեկտեմբերի 29-ին Իրանի կառավարությունը հավանություն էր տվել Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու վերաբերյալ երկրի արտաքին գործերի նախարարության առաջարկին: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը «Արմենպրես»-ին տեղեկացրել էր, որ Հայաստանն աշխատում է փոխադարձության սկզբունքով Իրանում գլխավոր հյուպատոսություն բացելու ուղղությամբ: