Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանազատման և անվտանգության հարցով ազգային հանձնաժողովների առաջին նիստը, որը կայացել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանին, կառուցողական մթնոլորտում է անցել։ NEWS.am-ի փոխանցմամբ այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է հայկական հանձնաժողովի նախագահ, հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Իսկապես, մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումը անցկացրինք սահմանին։ Այս հանդիպմանը քննարկել ենք հետագա համատեղ աշխատանքի բացառապես կազմակերպչական հարցեր, և այս առումով հանդիպումը համարում եմ բավականին կառուցողական։ Դեռևս չկան պայմանավորվածություններ սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների հաջորդ նիստի ժամկետի վերաբերյալ, սակայն կա հաստատում, որ հանդիպումը կկայանա Մոսկվայում»,- ասել է նա։
Գրիգորյանը հաստատել է, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ կկայանա տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը։
«Այս հանդիպման կոնկրետ ժամկետն այժմ համաձայնեցման փուլում է, իսկ հանդիպման օրակարգում ներառված են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9 (10) և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում նշված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցեր։ Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- հավելել է նա:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։