Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության մասին ՆԱՏՕ-ի հայտարարություններն, ըստ երևույթին, ազդանշան են տալիս, որ դաշինքի հաջորդ «պաշտպանական գիծը» կտեղափոխվի Հարավչինական ծով, հինգշաբթի օրը RT Arabic հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Վերջերս ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը [Յենս Ստոլտենբերգը] և ռազմատենչ քաղաքական գործիչները, ինչպես, օրինակ, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը [Լիզ Թրասը] հրապարակավ հայտարարեցին, որ դաշինքը պետք է գլոբալ պատասխանատվություն կրի, որ ՆԱՏՕ-ն պետք է պատասխանատու լինի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության համար։ Ըստ երևույթին, դա նշանակում է, որ հաջորդ անգամ ՆԱՏՕ-ի «պաշտպանության գիծը» կտեղափոխվի Հարավչինական ծով»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքերով, Եվրամիությունը նույնպես ձգտում է ստանձնել անվտանգության պատասխանատվությունը տարածաշրջանում, սակայն վերջինիս թույլ չեն տալու ստեղծել իր սեփական «բանակը»։
«[Եվրահանձնաժողովի նախագահ] Ուրսուլա ֆոն դեր Լեյենը <…> ասել է, որ ԵՄ-ն պետք է պատասխանատու լինի Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգության համար։ Ինչպե՞ս են նրանք պատրաստվում դա անել։ Նրանք խոսում են ինչ-որ «ԵՄ բանակի» մասին: Ոչ ոք նրանց թույլ չի տա ստեղծել այդ «բանակը», քանի դեռ գոյություն ունի Հյուսիսատլանտյան դաշինքը», - ասել է նա։