Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն։ Այս մասին ֆրանսիական TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դուք ասացիք, որ դիվանագետներին երկու կողմից էլ վռնդում են: Մենք ոչ մեկին չենք վռնդել։ Այս պատժամիջոցները, որոնք նման են հիստերիայի (ես կասեի՝ ինչ-որ տեղ հոգեվարքի), նախաձեռնել է Արևմուտքը։ Այն արագությունը, որով դրանք սահմանվեցին, ինչպես նաև դրանց ծավալը ցույց են տալիս, որ դրանք մեկ գիշերվա ընթացքում չեն կազմվել։ Դրանք վաղուց են պատրաստվել։ Դժվար թե այդ պատժամիջոցները չեղարկվեն»,- ասել է Լավրովը։
«Համենայնդեպս, ԱՄՆ-ը ոչ հրապարակավ, բայց դաշնակիցների հետ շփումներում ասում են, որ երբ այս ամենն ավարտվի, պատժամիջոցները դեռ կմնան»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նրա պնդմամբ, խոսքը ոչ թե Ուկրաինայի մասին է, որը հանդես է գալիս որպես գործիք, «սակարկության առարկա», այլ Ռուսաստանի զարգացումը զսպելու։
«Այն (Ռուսաստանը-խմբ.) թույլ չի տալիս Արևմուտքին ստեղծել միաբևեռ աշխարհ, որը Վաշինգտոնն է հռչակել Եվրոպայի հնազանդ համաձայնությամբ։ Ի՞նչ կշահի Եվրոպան այս իրավիճակում աշխարհաքաղաքական առումով։ Ես չգիտեմ։ Քաղաքական վերլուծաբանները հիմա գրում են, որ ապագա հեռանկարների տեսանկյունից այս ամբողջ պատմության մեջ գլխավոր պարտվողը Եվրոպան է»,- ասել է Լավրովը։