Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստովանել է, որ Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներն ունեն իրենց գինը Գերմանիայի տնտեսության համար։ Նման հայտարարություն նա արել է կիրակի օրը Հանովերի միջազգային արդյունաբերական տոնավաճառի բացման արարողության ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Դրանք [պատժամիջոցները] մեծ հարված են հասցնում Ռուսաստանի ղեկավարությանը և Ռուսաստանի տնտեսությանը, օր օրի ավելի ուժգին», - ասել է Շոլցը:
«Միևնույն ժամանակ մենք հետևում ենք, որ դրանք մեզ և Եվրոպայում մեր գործընկերներին ավելի ուժեղ չհարվածեն, քան Ռուսաստանին»,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։
«Լավ է, որ բիզնեսն աջակցում է այս ուղղվածությանը: Ես գիտեմ, որ շատ ընկերությունների համար դա պայմանավորված է տնտեսական կորուստներով: Մենք փորձում ենք ավելի լուրջ վնասները կանխել վարկերի, հավելավճարների և նպատակային օգնության փաթեթների միջոցով»,- ասել է Շոլցը։
«Չնայած դրան, ծախսերը դեռ շարունակվում են: Բայց ես նաև կասեմ, որ այդ ծախսերը շատ ավելի ցածր են, քան այն գինը, որը մենք բոլորս պետք է վճարենք, եթե [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր] Պուտինը հաջողության հասնի իր ագրեսիայի միջոցով», - ասել է կանցլերը:
Շոլցը նշել է նաև, որ Մոսկվան խախտել է եվրոպական աշխարհակարգի բոլոր սկզբունքները։ «Այդ պատճառով մենք ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում և Յոթնյակի խմբի տնտեսապես հզոր այլ երկրների հետ միասին այդքան միասնական և վճռական արձագանքեցինք Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին»,- ասել է նա։ «Մենք առաջին անգամ ենք զենք մատակարարում նման հակամարտության գոտում»,- ասել է Շոլցը։