Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի (ԵՀԽ) հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի հրավերով Հայաստանում գտնվող ԵՀԽ պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանի:
Նորին Սրբությունը, ողջունելով պատվիրակության անդամներին, իր գնահատանքն է հայտնել ԵՀԽ-ին 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանին և Արցախին ցուցաբերած զորակցության համար:
Վեհափառ Հայրապետը պատվիրակության անդամներին ներկայացրել է հետպատերազմյան ծանր ու դժվարին իրավիճակը Հայաստանում և Արցախում՝ վստահություն հայտնելով, որ հայ ժողովուրդն իր քրիստոնեական հավատի շնորհիվ կհաղթահարի իր առջև ծառացած բոլոր մարտահրավերները։
Զրույցի ընթացքում Հայոց Հայրապետն անդրադարձել է Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով վերջինիս վերահսկողության տակ հայտնված հայկական մշակութային-կրոնական ժառանգության ոչնչացման և յուրացման փաստերին՝ այս առնչությամբ կարևոր նկատելով միջազգային համապատասխան ատյանների և միջեկեղեցական տարբեր կառույցների կողմից Ադրբեջանի որդեգրած քաղաքականության խստագույն դատապարտումն ու կանխարգելումը։