Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ ռուսական կողմը պատրաստ է պարարտանյութեր և պարենամթերք արտահանել՝ պատժամիջոցների չեղարկման դեպքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Արևմտյան պետությունների անհեռատես ֆինանսատնտեսական քաղաքականության հետևանքով ծագած պարենային ապրանքների համաշխարհային շուկայում առկա խնդիրների լույսի ներքո հաստատվել է, որ Ռուսաստանը կարող է զգալի ծավալներով պարարտանյութեր և գյուղմթերքներ արտահանել, եթե հանվեն հակառուսական պատժամիջոցների համապատասխան սահմանափակումները»,- ասված է հայտարարությունում:
Բացի այդ, հավելել է Կրեմլը, Պուտինը և Էրդողանը քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը՝ շեշտը դնելով Սև և Ազովի ծովերում անվտանգ նավարկության ապահովման վրա։
«Վլադիմիր Պուտինը նշել է ռուսական կողմի պատրաստակամությունը՝ թուրք գործընկերների հետ համաձայնեցված բեռների անխոչընդոտ ծովային տարանցումը հեշտացնելու համար: Դա վերաբերում է նաև ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։