Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Քննարկվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտադրելով կոնկրետ հարցերի լուծումը, որոնք կապված են տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ:
Իլհամ Ալիևը տեղեկացրել է մայիսի 22-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին։
Քննարկվել են առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության որոշ արդիական հարցեր։ Հաստատվել է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հետագա խորացման փոխադարձ մտադրությունը, այդ թվում՝ հաշվի առնելով 2022 թվականի փետրվարին Ադրբեջանի նախագահի Մոսկվա կատարած պաշտոնական այցի արդյունքները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներով։