Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների առաջին հանդիպումը անցել է լավ և կառուցողական մթնոլորտում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ում տեղակալն ընդգրկված է այդ հանձնաժողովում։
Հարցին, թե ինչպե՞ս է անցել հանձնաժողովների առաջին հանդիպումը կառուցողական մթնոլորտում, եթե դրանից հետո հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակ էր ստեղծվել, որի հետևանքով հակառակորդի կրակոցից զոհվել էր շարքային զինծառայող Դավիթ Վարդանյանը, Սանոսյանը պատասխանեց․
«Այո, սահմանին միջադեպերը խանգարում են նման գործընթացներին և շատ դատապարտելի է, երբ նորմալ աշխատանքային փուլին կարող է հաջորդել նման վարքագիծ, որի հետևանքով զինծառայողները կարող են զոհվել»,- ասաց Սանոսյանը։