Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մանրամասներ է հայտնել, թե Մոսկվայում կայանալիք երկրորդ հանդիպմանը ինչ են քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։
Անդրադառնալով հայկական հանձնաժողովի փոքրաթիվ և ոչ թիրախային մասնագետներով հագեցած լինելու հարցին՝ Գրիգորյանը ասաց, որ սահմանազատման և սահմանագծման աշխատանքային խմբի թվաքանակը որևէ մեծ նշանակություն չունի, որովհետև բոլոր հարցերը միջգերատեսչական քննարկումներ են անցնում, և բանակցությունների գնալուց առաջ աշխատանքային խումբը պատրաստություն է անցնում:
«Եթե աշխատանքային խմբի անդամը նախարարի տեղակալ է, դա չի նշանակում, որ նախարարության այլ աշխատակիցներ չեն մասնակցում գործընթացի նախապատրաստմանը։ Թվաքանակի հետ կապված ես որևէ խնդիր չեմ տեսնում»,- ասաց Գրիգորյանը։