Հայաստանի Կառավարությունը կրկին քննարկման օրակարգ է բերել եկամուտների համընդհանուր հայտարարագրման հարցը: Նիկոլ Փաշինյանը պնդում՝ 2024թ.-ից 2023թ.-ի եկամուտները կհայտարագրվեն: Փաշինյանին հաջորդում է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն, ով խոստովանում է՝ Կառավարությունում դեռ չկա հստակություն՝ միանգամի՞ց անցում կկատարեն համակարգին, թե՞ փուլ առ փուլ:
Նշենք, որ եկամուտների մասնակի հայտարարագրման մեխանիզմ Հայաստանում գործում է. հայտարարագրվում են պետական պոշտոնյաների եկամուտները: Այսօր խոսքը համընդհանուր հայտարարգմանն է առնչվում, որին անցման համաշխարհային փորձը բավական հարուստ է: Պարտադիր հայտարարագրման հաջողված փորձերից ունի ԱՄՆ, որտեղ հայտարարագրումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով, իսկ եկամուտների կառավարման ծառայությունն այն լրացնելու անվճար ծառայություն է տրամադրում: Պարտադիր հայտարարագրերի փորձ ունեն Մեծ Բրիտանիան, Սլովենիան, Ֆինլանդիան, Էստոնիան: Պարտադիր հայտարարագրում գործում է նաև Ղազախստանում:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է՝ եկամուտների ամբողջական հայտարարագրումը քաղաքացուն դուրս է բերում ստվերից, փոխարենը տալիս այլ արտոնություններ, հնարավորություններ, օրինակ՝ որոշակի վարկատեսակներից օգտվելու, պետության կողմից գերավճարների հետ վերադարձի և այլնի տեսքով: Կան նաև հայտարարագրման ընթացակարգերի խախտման (օրինակ՝ ներկայացման ժամկետից ուշացում) կամ սխալ տեղեկատվություն ներկայացնելու պարագայում գործող պատժիչ մեխանիզմներ:
Իրականացման ձևի և կիրառվող գործիքակազմի ընդօրինակման տեսանկյունից, Հայաստանի համար որպես փորձ դիտարկելուց պետք է հասկանալ՝ ի՞նչ մոդելով է առաջնորդվելու պետությունը: Ամբողջակա՞ն, թե՞ մասնակի հայտարարագրում է իրականացվելու, համակարգին անցումն ի՞նչ ընթացակարգով է լինելու և այլն: Այս մասով չունենք հստակություն, փոխարենը՝ հարցադրումների մի ամբողջ շարք:
Եկամուտների հարկման խնդիրը: Պարզ չէ, թե հայտարարագրված եկամուտների ո՞ր մասն է հարկվելու: Այս համատեքստում՝ մասնավոր տրանսֆերտները, նվիրատվությունը կամ ստացված ժառանգությունը հարկվելու՞ են, թե ոչ: Ընդ որում, խնդիրն այստեղ պարզապես փաստն արձանագրելու մեջ չէ: Հարցն ինստիտուտցիոնալ բնույթի է. եկամտի ինստիտուտը Հայաստանում կայացա՞ծ է այնքան, որ հստակ տարանջատվի՝ միջին բարեկեցություն ապահովող եկամուտը ճոխության եկամտից, կամ որ ավելի բարդ է՝ պարզապես կենսական ապահովման նվազագույն եկամտից: Նույն տրամաբանությամբ՝ ժառանգության ինստիտուտը. մենք ունե՞նք արդարացի գնահատման համակարգ, որը կտարբերակի խորհրդանշական ժառանգությունը առևտրային նպատակներին ծառայեցվողներից և այլն:
Արդարադատության թափանցիկ, ընկալելի ինստիուտի խնդիրը: Արդյո՞ք Հայաստանում ձևավորվել է այնպիսի համակարգ, որն իսպառ բացառում է սելեկտիվ արդարադատության իրականացման հավանականությունը: Տեսնում ենք, որ՝ ոչ: Ուրեմն որքանո՞վ ենք վստահ, որ հայտարարագրման գործընթացում ևս այդպիսի կամայականությունները կբացառվեն…
Ժողովրդավարության իրական բարձր մակարդակի խնդիրը: Արդյո՞ք Հայաստանում այսօր իրապես ժողովրդավարության ցուցիչը գտնվում է վստահություն ներշնչող մակարդակի վրա…
Հայտարարգրման ողջ գրոծընթացն ուղիղ կապի մեջ է հայտարարգրման պրոցեսում պետության ու անհատի միջև հնարավոր վեճի հավանականության հետ, ուստի՝ անհրաժեշտ է նաև անկախ աուդիտորական ծառայությունների մատուցում: Ունի՞ այսօր միջին վիճակագրական քաղաքացին հարկ եղած պարագայում այդպիսի ծառայություններից օգտվելու հնարավորություն: Ապահովվա՞ծ են վերոթվարկյալ բոլոր տարրերը այսպիսի գործընթացի համար օբյեկտիվ միջավայրի ձևավորման համար:
Այս հարցադրումներն են այսօր խնդրահարույց մեզ համար, և ոչ՝ աշխարհում ընդունված պրակտիկա հանդիսացող հայտարարգրման գործընթացը:
Եվ ի վերջո, խոսքը վերաբերում է մարդկանց եկամուտներին, որոնք ենթակա են լինելու սահմանված դեպքերում ամբողջական հարկման: Թույլ տալի՞ս են այսօրվա սոցիալ-տնտեսական իրողությունները մարդկանց եկամուտների ու բարեկեցության մակարդակը համարել բավարար: Այս խնդրին նույն տրամաբանության ներքո անդրադարձել ենք նաև 2020թ.-ին: Ցավոք, այդ ժամանակաշրջանին հաջորդող իրադարձություններն ու դրանց հոգեբանական, սոցիալ-տնտեսական հետևանքներն ավելի բարենպաստ պայմաններ չեն ստեղծել, այլ՝ ճիշտ հակառակը: