Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում մեծանում է, Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները այս մայրցամաքի պետությունների հետ, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Աֆրիկայի դերն ընդհանուր առմամբ միջազգային ասպարեզում քաղաքական առումով մեծանում է: Մենք կարծում ենք, որ Աֆրիկան որպես ամբողջություն և նրա առանձին պետությունները, որոնց հետ ավանդաբար շատ լավ, առանց որևէ չափազանցության, բարեկամական հարաբերություններ ունենք, մեծ հեռանկարներ ունեն: Եվ դրանից ելնելով մենք մտադիր ենք ավելի զարգացնել մեր հարաբերությունները Աֆրիկայի և նրա առանձին պետությունների հետ», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։
«Մենք զարգացման նոր փուլում ենք և մեծ նշանակություն ենք տալիս աֆրիկյան երկրների հետ մեր հարաբերություններին»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով, Ռուսաստանի և Աֆրիկայի միջև հարաբերությունների զարգացման վեկտորին հետևելը դրական արդյունքներ ունի։ Մասնավորապես, ինչպես նշել է ՌԴ նախագահը, աճում է ապրանքաշրջանառությունը։ «Այս տարվա առաջին ամիսներին այն աճել է 34 տոկոսով, մենք ձգտում ենք զարգացնել հումանիտար կապերը աֆրիկյան երկրների հետ և կանենք այն ամենը, ինչ կախված է մեզանից, որպեսզի այս գործընթացը թափ ստանա»,- մանրամասնեց նա՝ հավելելով, որ Ռուսաստանը միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում աֆրիկյան մշակույթի նկատմամբ:
Ռուսաստանի Դաշնության նախագահը նաև հիշեցրել է, որ 2019 թվականին Սոչիում կայացել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթաժողովը։