«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրեն է նշանակվել Սահակ Վարդանյանը։
Այս մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի մեկնարկին հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հունիսի 3-ին քաղաքապետի №2025-Ա որոշմամբ Սահակ Վարդանյանը նշանակվել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար: 1987-1997 թթ. ավարտել է Երևանի Սամվել Գևորգյանի անվան թիվ 189 միջնակարգ դպրոցը։ 1997-2002 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ընդհանուր տնտեսագիտություն ֆակուլտետում։ 2002-2005 թթ․ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրայում՝ «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտությամբ։ 2005 թ. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2002-2009 թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում որպես գովազդի մասնագետ, ապրանքանիշի կառավարիչ, այնուհետ՝ անալիտիկ բաժնի պետ։ 2009-2013 թթ․ աշխատել է «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ընկերությունում որպես «Իդեալ համակարգ» խանութ-սրահների տնօրեն։ 2013-2017 թթ․ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում որպես գործառնական տնօրեն։ 2018- 2021 թթ․ աշխատել է ՀՀ ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։ 2021-2022 թթ․ աշխատել է «Բարսիս» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն փոխտնօրեն։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։