Իրանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Քումարս Հեյդարին ասել է, որ երկրի հարձակողական զինատեսակները հնարավորություն են տալիս «գետնին հավասարեցնել» իսրայելական Թել Ավիվ և Հայֆա քաղաքները։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Tasnim գործակալությունը։
«(Իրանի) հոգևոր առաջնորդի (Ալի Խամենեիի) հրահանգով թշնամու ամենափոքր սխալի դեպքում մենք գետնին կհավասարեցնենք Թել Ավիվն ու Հայֆան»,- ասել է նա։ Հեյդարին նշել է, որ Իրանի զինված ուժերին սպասարկող անօդաչու թռչող սարքերի, ինչպես նաև ցամաքային զորքերի հրթիռային զինատեսակների հեռահարությունը մեծացել է։ Նոր զինատեսակների «խելացի բաղադրիչի» ավելացմանը զուգընթաց զգալիորեն բարձրացել է զորքերի մարտունակությունը՝ «անխոհեմ ագրեսիային արձագանքելու համար»։
«Իրանի Իսլամական Հանրապետության հարձակողական և պաշտպանական ձեռքբերումներն այսօր նյարդայնացնող են մեր երկրի թշնամիների համար»,- ասել է գեներալը։ Նա վստահություն է հայտնել, որ «Սիոնիստական ռեժիմի կողմից օկուպացված մուսուլմանական տարածքները կվերադառնան իսլամական աշխարհ առաջիկա 25 տարում»։