ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, միջանկյալ կարգավիճակ գոյություն չունի, գրում է ՏԱՍՍ-ը։
«Աշխարհը փոխվում է և արագ է փոխվում: Եվ ինչ-որ առաջնորդության հավակնելու համար, էլ չեմ խոսում համաշխարհային առաջնորդության մասին, ցանկացած երկիր, ցանկացած ժողովուրդ, ցանկացած էթնոս պետք է ապահովի իր ինքնիշխանությունը»,- ասել է պետության ղեկավարը հինգշաբթի օրը երիտասարդ ձեռներեցների հետ հանդիպմանը, փոխանցում է Tert.am-ը։
«Որովհետև միջանկյալ վիճակ չկա՝ կա՛մ երկիրը ինքնիշխան է, կա՛մ գաղութ, ինչպես էլ որ անվանեն գաղութը»,- բացատրել է նա։
«Եթե մի երկիր կամ մի խումբ երկրներ ի վիճակի չեն ինքնիշխան որոշումներ կայացնել, նրանք արդեն որոշակի չափով գաղութ են, և գաղութը չունի պատմական հեռանկարներ, հնարավորություններ գոյատևելու նման կոշտ աշխարհաքաղաքական պայքարում»,- ասել է նա։
Պուտինը նշել է, որ չի ցանկանում կոնկրետ երկրների անուններ տալ «որևէ մեկին չվիրավորելու համար», սակայն հավելել է, որ աշխարհաքաղաքական պայքարը միշտ էլ եղել է։