ԵՄ-ի կողմից ռուսական գազի մատակարարումների վրա էմբարգոյի սահմանումը կործանարար ազդեցություն կունենա ոչ միայն Հունգարիայի, այլև ողջ Եվրոպայի տնտեսության վրա։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի եթերում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պատասխանելով ԵՄ երկրների կողմից Ռուսաստանի Դաշնությունից կապույտ վառելիքի մատակարարման արգելք մտցնելու հնարավորության քննարկման մասին հարցին՝ նա ասել է, որ իր կառավարությունը կտրականապես դեմ է նման քայլին։
«Հարցը միայն նրանում չէ, որ Հունգարիան այլընտրանք չունի, այլ նրանում, որ դա կարող է ոչնչացնել ողջ Եվրոպան»,- բացատրել է Օրբանը։
Նա վստահություն է հայտնել, որ ԵՄ-ում այս հարցը քննարկելիս «կհաղթի ողջախոհությունը»։
Վարչապետը նաև նշել է, որ ուկրաինական իրադարձությունները եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդեն իսկ առաջացրել են «ռազմական գնաճ, որը տարբերվում է նորմալ իրավիճակում գնաճից»։