Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թուրքմենստանի նորընտիր նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի առաջին արտասահմանյան այցը հենց Ռուսաստան ընդգծում է երկու երկրների հարաբերությունների առանձնահատուկ բնույթը: Այս մասին Պուտինն ասել է Կրեմլում իր թուրքմեն գործընկերոջ հետ ուրբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ:
«Բարի գալուստ Ռուսաստան, մենք շատ ուրախ ենք, որ դուք ձեր առաջին արտասահմանյան պետական այցը կատարում եք հենց մեր երկիր, սա ևս մեկ անգամ ընդգծում է մեր հարաբերությունների առանձնահատուկ բնույթը»,- ասել է Պուտինը՝ հավելելով, որ շատ ուրախ է տեսնել Թուրքմենստանի ղեկավարին Մոսկվայում:
Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ մեծ մասամբ Սերդարի հոր՝ Թուրքմենստանի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ջանքերի շնորհիվ երկու երկրների փոխգործակցությունը «իսկապես ռազմավարական մակարդակի է հասել»։
«Ցանկանում եմ խնդրել, որ լավագույն մաղթանքները փոխանցեք նախորդ նախագահին, իմ վաղեմի լավ ընկերոջը, բնականաբար՝ մաղթելով նրան հաջողություններ և քաջառողջություն»,- եզրափակել է ՌԴ նախագահը։