Իրավիճակն իրականում հեշտ չէ մեր բոլոր երեք հավաքական անվտանգության տարածաշրջաններում. Զաս

17:38     10 հունիսի, 2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարները խորը մտահոգություն են հայտնել միջազգային անվտանգության շարունակվող դեգրադացիայի կապակցությամբ։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արտգործնախարարները պատշաճ ուշադրություն են դարձրել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ստեղծված իրավիճակին։ Քննարկման արդյունքում համաձայնեցվել է «Արտգործնախարարների հայտարարությունը միջազգային անվտանգության հարցերի վերաբերյալ» փաստաթուղթը, որում խորը մտահոգություն է արտահայտված միջազգային անվտանգության շարունակվող դեգրադացիայի կապակցությամբ։ Մեր պետությունների դիրքորոշումն արտահայտվել է հավասար և անբաժանելի անվտանգության պահպանման, որոշ պետությունների՝ մյուսների անվտանգության հաշվին ամրապնդման անթույլատրելիության վերաբերյալ։

Զասը նշել է, որ այս հայտարարությամբ «արտգործնախարարներն իրենց աջակցությունն են հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի առաջատար դերի հետագա ամրապնդմանը, միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանմանը»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ արտգործնախարարները հատուկ ուշադրություն են դարձրել միջազգային և տարածաշրջանային անվտանգության վիճակի քննարկմանը։

«Իրավիճակն իրականում հեշտ չէ մեր բոլոր երեք հավաքական անվտանգության տարածաշրջաններում: Ինչ վերաբերում է Արևելյան Եվրոպայի տարածաշրջանին, ապա այնտեղ այն վատթարանում է», - ասել է նա:

 


© armedia.am