Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը ուրբաթ օրը հերթական ճեպազրույցի ժամանակ «հորինված սուտ է» անվանել այն տեսությունը, որ SARS-CoV-2 կորոնավիրուսի արտահոսքը տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայից և նաև կոչ է արել հետաքննություն անցկացնել Միացյալ Նահանգների երկու կենսաբանական լաբորատորիաներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Կորոնավիրուսի ծագման հաստատումը պետք է հիմնված լինի գիտական մոտեցման վրա և զերծ քաղաքական միջամտությունից։ Լաբորատոր արտահոսքի տեսությունը քաղաքական նպատակներով ստեղծված սուտ է: Այն լիովին զուրկ է տրամաբանությունից»,- ասել է նա՝ մեկնաբանելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետների վերջին զեկույցը, որում նրանք կոչ էին անում ավելի մանրամասն ուսումնասիրել այս տեսությունը։
«Չինաստանն արդեն մի քանի անգամ կազմակերպել է ԱՀԿ-ի փորձագիտական խմբերի այցերը: Նրանց զեկույցը հստակ ցույց է տալիս, որ լաբորատոր միջադեպի արդյունքում կորոնավիրուսի արտահոսքի տեսությունը չափազանց քիչ հավանական է», - ավելացրել է Չժաոն:
«Եթե մենք ուզում ենք ուսումնասիրություն անցկացնել, ինչու չենք դիտարկում Ֆորտ Դետրիկը և նաև Հարավային Կարոլինայի համալսարանը: ԱՄՆ-ի այս երկու վայրերն էլ չափազանց կասկածելի են: Եվ այնուամենայնիվ, ավելի ու ավելի շատ ապացույցներ ցույց են տալիս, որ կորոնավիրուսը հայտնվել է աշխարհի տարբեր մասերում»,- ասել է չինացի դիվանագետը։