Երևանում՝ ՀՀ նախագահի նստավայրում, հունիսի 10-ին գումարվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որից ավարտին տեղի ունեցավ ՀԱՊԿ-ի հոբելյանական տարվան և ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահությանը նվիրված նամականիշի և առաջին օրվա ծրարի մարման արարողությունը: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ նամականիշները մարել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և «Հայփոստ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:
Նամականիշը տպագրվել է Ֆրանսիայում 20 000 օրինակ տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:
Մարման արարողությունից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հիշեցրեց, որ 2022 թվականը հոբելյանական տարի է կազմակերպության համար, քանի որ այս տարի լրանում են Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 30-րդ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-րդ տարեդարձերը: Գլխավոր քարտուղարը շնորհակալություն հայտնեց հայկական կողմին այդ առումով ցուցաբերած նախաձեռնողականության համար: