Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը օրենք է ստորագրել Հայաստանի հետ նավթամթերքների մատակարարման ոլորտում առևտրատնտեսական համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի վավերացման մասին, հայտնում է «Փրայմ»-ը՝ վկայակոչելով Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ Մաժիլիսի (ստորին պալատ) էկոլոգիայի և բնության կառավարման հանձնաժողովը հայտնել էր, որ համաձայնագիրը սահմանում է երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության պայմաններն Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 27-րդ խմբում դասակարգված ապրանքների մատակարարման համար, բացառությամբ նավթի, էլեկտրաէներգիայի, բնական գազի և ածուխի:
Ղազախական կողմի իրավասու մարմինը նավթի մատակարարների դիմումների և նավթամթերքների արտադրության և սպառման ներքին բալանսի հիման վրա հաստատում է հանրապետության նավթավերամշակման գործարաններից Հայաստան նավթամթերքի մատակարարման պլանը` ինդիկատիվ բալանսները չգերազանցող ծավալներով:
Արտահանման մաքսատուրքեր ապրանքներից չեն գանձվի՝ ԵԱՏՄ մասին պայմանագրի 28-րդ հոդվածի համաձայն։ Դրանք նաև Հայաստանի տարածքից չեն կարող արտահանվել երրորդ երկրներ և ԵԱՏՄ երկրներ։ Պարտավորությունների խախտումներ հայտնաբերման դեպքում հայկական կողմը ղազախական կողմին դոլարով հաշվարկված և արտահանման մաքսատուրքերի ծավալին համարժեք փոխհատուցում է վճարում: