Չեխ խորհրդարանականները ստացել են Հայաստանի պետական պարգևներ. դեսպանատուն
Հանրապետության տոնի առթիվ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեխիայում ՀՀ դեսպանությունում կազմակերպեց ընդունելություն ի պատիվ Հայաստանի և Չեխիայի միջև գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի: Այս մասին հայտնում է Չեխիայում ՀՀ դեսպանությունը:
Ընդունելության ընթացքում դեսպանը պաշտոնապես հանձնեց Հայաստանի Հանրապետության հետ բարեկամական հարաբերությունների հաստատման, ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրման համար չեխ ներկայիս և նախկին մի շարք խորհրդարանականներին՝ Հայաստանի անկախության 30-ամյակի կապակցությամբ շնորհված Հայաստանի Հանրապետության պետական պարգևներն ու մեդալները:
ՀՀ նախագահի՝ 2021թ․ դեկտեմբերի 16-ի ՆՀ-392 հրամանագրով Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի անդամ և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Մարեկ Բենդան ու նախկին սենատոր, Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով՝ տրված ակնառու պետական և հաuարակական-քաղաքական գործունեության, ինչպեu նաև դիվանագիտության, իրավագիտության ու քաղաքագիտության աuպարեզներում ունեցած նշանակալի ծառայությունների համար։
Նույն հրամանագրով Պատգամավորների պալատի և Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Յիրժի Կոբզան և նախկին պատգամավոր ու Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամ Մոնիկա Չերվիչկովան պարգևատրվել են Երախտագիտության մեդալով։
ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամանագրով ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով պարգևատրվել են նախկին սենատորներ Միրոսլավ Նենուտիլը և Զդենկա Համոուսովան։
Մարեկ Բենդային և Յիրժի Կոբզային պարգևները հանձնվեցին Հայաստանի և Չեխիայի խորհրդարաններում գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի՝ նույն օրը Չեխիայի խորհրդարանում կայացած պաշտոնական հանդիպմանը։
Դեսպան Աշոտ Հովակիմյանը և ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Արթուր Հովհաննիսյանը բարձր գնահատեցին Հայաստանի ու Չեխիայի միջև ավանդաբար լավ բարեկամության ու համագործակցության ամրապնդմանն ուղղված պարգևատրվածների գործունեությունը և համամարդկային արժեքների պաշտպանության, այդ թվում՝ ցեղասպանության ժխտման դեմ պայքարի և մարդասիրական հարցերի բարձրաձայնման գործում նրանց համառ ջանքերը: