Հունիսի 14-ի հերթական նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանի տեղեկացմամբ՝ նախագծերի ընդունումը նպատակ ունի առավել հստակ և համապարփակ կանոնակարգման հիմքեր ստեղծել բժշկական արտադրատեսակների շրջանառության ոլորտի կարգավորման համար՝ ապահովելով նաև ԵԱՏՄ միասնական կանոններին ՀՀ օրենսդրության ներդաշնակեցումը:
Նշվել է, որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նպատակը նաև ԵԱՏՄ համապատասխան իրավական ակտերի ընդունումն ու այդ ակտերը Հայաստանի Հանրապետության իրավունքի մաս դարձնելն է:
ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը նախագծի վերաբերյալ դրական էր:
Հարակից զեկուցող Շիրակ Թորոսյանի խոսքով՝ փաթեթի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: