Եվրամիությունը, Իսրայելը և Եգիպտոսը չորեքշաբթի ստորագրել են փոխըմբռնման հուշագիր հրեական պետությունից Արաբական Հանրապետության տարածքով դեպի Եվրոպա գազի արտահանման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ինչպես Կահիրեում ստորագրման արարողության ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, «համաձայնագրի նպատակն է սպառողներին [Եվրոպայում] էներգիա մատակարարել մատչելի գներով»։ Նա ողջունել է փաստաթղթի ստորագրումը` այն անվանելով պատմական:
Ֆոն դեր Լեյենը նաև նշել է, որ «Եգիպտոսի և Իսրայելի հետ համաձայնագիրը հնարավորություն է ապահովել էներգետիկ անվտանգությունը, խթանել տարածաշրջանային համագործակցությունը և անցում կատարել մաքուր էներգիայի»։
Իսրայելի էներգետիկայի նախարար Կարին Էլհարարի խոսքով, եռակողմ համաձայնագիրը «կօգնի եվրոպական երկրներին դիվերսիֆիկացնել իրենց էներգիայի աղբյուրները»։ Նա նաև հավելել է, որ Եգիպտոսը և Իսրայելը, որպես գործընկերության մաս, կձգտեն լավագույնս ապահովել իրենց եվրոպացի գործընկերների էներգետիկ անվտանգությունը: