Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տրամադրել Ուկրաինային, ինչը պարտադիր ֆորմալ քայլ է նախքան հարցը Եվրոպական խորհրդի մակարդակով դիտարկելը, գրում է NEWS.am-ը:
Այս եզրակացությունը կամ «Եվրահանձնաժողովի պաշտոնական կարծիքը» այսօր Եվրահանձնաժողովի կոլեգիայի նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Եվրահանձնաժողովի կարծիքը ձևավորվել է ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հայտի և երկու հարցաշարերի վերլուծության հիման վրա, որոնցով գնահատվել է զարգացած ժողովրդավարական հասարակության համար և Եվրոպական միության acquis communitaire (օրենսդրության) դրույթներին համապատասխանության, այսպես կոչված, Կոպենհագենյան չափանիշները կատարելու Ուկրաինայի պատրաստականությունը։
Եվրահանձնաժողովն այսօր քննարկել է ԵՄ անդամակցության Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հայտերը։
Եվրոպական խորհուրդը հունիսի 23-24-ը կայանալիք նիստում կքննարկի Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու Ուկրաինայի հայտը։