ԵՄ ԱԳ նախարարները երկուշաբթի օրը Լյուքսեմբուրգում նախատեսված հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինայում ռազմական գործողությունը, առաջին հերթին՝ երկրի տարածքից հացահատիկ արտահանելու հնարավորությունը, ինչպես նաև Եգիպտոսի հետ հարաբերությունները, որը հանդիսանում է այդ հացահատիկի պոտենցիալ գնորդներից մեկը։ Ինչպես Բրյուսելում կայացած ճեպազրույցում լրագրողներին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության աղբյուրը, հանդիպման շրջանակում կկայանա նաև ԵՄ-Ղազախստան համագործակցության խորհուրդը՝ արտգործնախարարների մակարդակով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Աղբյուրի համաձայն՝ ԵՄ-ն «աջակցում է ծովային ճանապարհով հացահատիկի արտահանման ջանքերին», սակայն չի դիտարկում հացահատիկով նավերն ուղեկցելու ԵՄ առաքելության հնարավորությունը։ Նա ընդգծել է, որ ԵՄ-ն «Ռուսաստանի հետ չի քննարկում Բելառուսի տարածքով ուկրաինական հացահատիկի արտահանումը» և նշել է, որ անհնար է հանել Մինսկի դեմ պատժամիջոցները՝ հանուն Ուկրաինայից հացահատիկի արտահանման։