Ռուսաստանը շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ՝ այս երկրի կողմից Սիրիայում ծրագրված գործողության հետ կապված և հույս ունի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով համոզել Անկարային հրաժարվել դրա իրականացումից: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի Մերձավոր Արևելքի և աֆրիկյան երկրների հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք հույս ենք դնում դրա վրա»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին, թե հնարավո՞ր է Թուրքիային համոզել հրաժարվել Սիրիայում ծրագրվող գործողությունից։
«Մենք շարունակում ենք երկկողմ շփումները թուրք գործընկերների հետ, մենք շարունակում ենք աշխատել նրանց հետ»,- հավելել է Բոգդանովը։
Երկուշաբթի ավելի վաղ TGRT-ն հայտնել էր, որ թուրքական բանակը լիովին պատրաստ է Սիրիայում անդրսահմանային գործողություն սկսելու համար և հրամանի է սպասում։