Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը «ԱՐՑԱԽ. չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացվի։
Ինչպես նաև Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։
«Փառատոնի 19-րդ թողարկմանը լինելու է հատուկ առանձին ընդգծված ծրագիր՝ բաղկացած ֆիլմերից, որոնք անդրադառնում են 44-օրյա պատերազմին: Ֆիլմերից մեկը Արցախյան պատերազմի մասին է՝ նկարահանված հույների կողմից, մյուսը՝ ուրուգվայցիների, հաջորդը՝ եգիպտացիների և վերջապես՝ մեկ հայաստանյան և մեկ հենց բուն արցախյան կինոանդրադարձ: Ավելին՝ 19-րդ Ոսկե ծիրանի փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերազմին»,-նշեց փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։
Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև՝ ֆիլմեր ամենահեղինակավոր կինոփառատոններից։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության աջակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը փառատոնի այս տարվա գլխավոր հովանավորն է։