Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչվելու հնարավորություն ունի. կայացել է «Orion Summit 2022» միջազգային գագաթնաժողովը
Հունիսի 22-ին տեղի է ունեցել «Orion Summit 2022» միջազգային գագաթնաժողովը, որը միավորում է համաշխարհային ճանաչում ունեցող մասնագետների՝ տարբեր ոլորտներից, վենչուրային կապիտալներից և հրեշտակ ներդրողներից: Միջոցառումն այս տարի անցկացվել է «Միաեղջյուրները դիրքավորում են Հայաստանը» կարգախոսի ներքո։
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը:
Նախարարը ողջունել է «Orion Summit 2022»-ի կազմակերպիչներին և մասնակիցներին, նշել, որ նմանատիպ միջոցառումների անցկացումը տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև ոլորտի զարգացման և առաջընթացի համար առանցքային նշանակություն ունեն:
«Ստարտափ էկոհամակարգի զարգացումը մեր նախարարության օրակարգում է։ Մենք հետևողական աշխատանք ենք տանում ստարտափների կայացման և առաջընթացի ուղղությամբ։ Հաջողության իրենց ուղին հարթած ու ձեռքբերումների հասած ընկերությունների փորձը լուրջ խթան ու ազդակ կարող է հանդիսանալ առաջին քայլերն անող ստարտափների համար՝ իրենց ուղին հարթելու ճանապարհին»:
Ելույթով հանդես է եկել գագաթնաժողովի գլխավոր բանախոս ներդրումային բանկերի և ֆինանսական խորհրդատվության ոլորտում ճանաչված մասնագետ Մարկ Չենյանը, ով խոսել է «Նորարարություն և ձեռնարկատիրություն» թեմայի շուրջ:
«Orion Summit 2022»-ի ընթացքում ելութ են ունեցել ավելի քան 20 խոսնակներ՝ տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի, ակադեմիայի, առևտրի, իրավական, արվեստի և երաժշտության ոլորտների համաշխարհային մակարդակի հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:
Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել նաև թեմատիկ պանելային քննարկումներ:
«Հայկական ստարտափ էկոհամակարգի հասունացում և զարգացում. նորարարություն, ֆինանսներ և ներդրումային հեռանկարներ» թեմայով պանելային քննարկմանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը:
Նախարարի տեղակալը խոսել է ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունների մասին, ինչպես նաև անդրադարձել է ոլորտային տարբեր ուղղություններով կազմակերպվող դասընթացներին:
Գագաթնաժողովի ընթացքում ներկայացվել է «Թվային Ջուղա» նոր նախաձեռնությունը:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանդիսանում է միջոցառման պաշտոնական գործընկեր: